Ապրիլի 16-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ Գյումրի քաղաքի Աբովյան (Քըրք Քըրքորյանի) փողոցում Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի արձանը տեղադրելու մասին հանրային լսում-քննարկում: Քննարկումը վարում է Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Քննարկմանը մասնակցում էին մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձիք՝ տարբեր ոլորտներից: Քննարկման սկզբում Ռուբեն Սանոյանը խոսեց ծնունդով գյումրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյան կողմից ներկայացված առաջարկի և դրան առնչվող մի շարք հարցերի մասին: Հանրային լսում-քննարկմանը խոսվեց հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի՝ Գյումրիում ներդրած ավանդի մասին, այնուհետ հնչեցին տարբեր կարծիքներ արձանի տեղադրման վայրի և մի շարք այլ հարցերի առնչությամբ:
Ապրիլի 12-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին: Կողմերը խոսեցին Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» հիմնադրամի հետ համագործակցության շարունակության, դրա արդյունքում սոցիալական նոր բնակարանների կառուցման և մի շարք այլ հարցերի մասին: «ԱՌԴԱ» հիմնադրամի ներկայացուցիչների վստահեցմամբ ապրիլի 25-ից կտրվի շինաշխատանքների մեկնարկը և ևս 12 սոցիալական բնակարան կհանձնվի շահագործման: Բնակարանների կառուցման գործում, այս անգամ ևս քաղաքապետարանը կունենա իր ներդրումը՝ 15%-ի չափով:
Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր և աղջիկներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանաբույր այս տոնը ևս մեկ առիթ է մեր երախտիքի խոսքն հղելու ձեզ: Մեր հինավուրց պատմությունն ապացուցել է, որ դուք եղել եւ այսօր էլ շարունակում եք մնալ մեր ազգի հարատեւման երաշխավորներից մեկը: Անգնահատելի է ձեր դերը հայ ընտանիքների կայացման, սերունդների դաստիարակության ու ազգապահպանության գործում: Հայ կինն իր անձնուրաց նվիրվածությամբ, հոգատարությամբ, բարությամբ ու եռանդով մշտապես եղել է հայ օջախի ամրությունը և միայն իրեն բնորոշ յուրահատուկ կամքով հաղթահարել բոլոր դժվարությունները: Սիրելի՛ մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորելով այս հիասքանչ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություններ ու անսպառ ժպիտներ: Թող ձեր ընտանիքներում մշտապես թևածի սերն ու ընտանեկան ջերմությունը:
Ապրիլի 5-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Տեքստիլը՝ որպես Հայաստանի հյուսիսային մարզերի կայուն զարգացման երաշխիք» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում «Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում» ծրագրի օգնությամբ: Միջոցառմանը ներկա էին Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, գործարարներ և այլք:
Ապրիլի 5-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային 10-րդ մրցույթ-փառատոնի ժյուրի անդամներին, փառատոնի հյուրերին: Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քաղաքապետը ողջունելով հյուրերին՝ կարևորեց փառատոնի անցկացումը, որի շրջանակներում ամեն տարի Գյումրի են այցելում հազարավոր մասնակիցներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Քաղաքապետն իր խոսքում նաև ընդգծեց, որ փառատոնն ամեն տարի ընդլայնում է իր աշխարհագրությունը, մասնակիցների թիվը, ինչը առավել ակտիվացնում է Գյումրու մշակութային կյանքը: Քաղաքապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում հյուրերը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ կիսվեցին իրենց տպավորություններով:
էջ 51 - 134