Թանգարանների հարգելի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: 1978 թվանակից աշխարհում այս օրը նշվում է որպես Թանգարանների միջազգային օր: Պատմամշակութային յուրօրինակ այս կառույցները ինքնատիպ կամուրջ են հանդիսանում հասարակության և մշակույթի միջև՝ միաժամանակ իրականացնելով պատմությունը պահպանելու, ցուցադրելու և այն սերնդեսերունդ փոխանցելու բարդ ու պատասխանտու գործը: Այս օրը ևս մեկ առիթ է համախմբվելու պատմության եւ մշակույթի յուրօրինակ պահապանի, անցյալի ու ապագայի ամուր կամուրջի դեր ստանձնած այս կառույցների շուրջ: Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Գյումրին հարուստ է նաև թանգարաններով, որոնք ոլորտի լավագույն մասնագետների շնորհիվ հավուր պատշաճի ներկայացվում են թե տեղի, թե արտասահմանից Գյումրի հյուընկալած բոլոր այցելուներին: Գյումրու թանգարանները՝ պարբերաբար թարմացվող ցուցանմուշներով և առաջավոր մոտեցումներով՝ մեծ խթան են հանդիսանում նաև տուրիզմի զարգացմանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով Թանգարանների միջազգային օրվա առթիվ՝ թանգարանային գործի մասնագետներին մաղթում եմ քաջառողջություն, լավատեսություն և խաղաղ երկինք:
Սիրելի հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ:
73 տարի առաջ Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային բանակը տարավ փայլուն հաղթանակ: Այդ օրերին մեր հայրենակիցները, այլ ժողովուրդների հետ համատեղ, կրեցին պատերազմի ամբողջ ծանրությունն ու դժվարությունը, իսկ 1992 թվականին հայ կամավորականներն ազատագրեցին Շուշին, այս օրն առավել նշանակալի դարձնելով հայ ժողովրդի համար: Շուշիի ազատագրումը ուղղակի հաղթանակ չէր, այլ վճռական բեկում՝արցախյան պատերազմում:
Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ին կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու աշխատավորին, նրա արարումն ու աշխատանքը: Թե մեր երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս հայ աշխատավորը մշտապես աչքի է ընկել իր ստեղծագործ մտքով և արարող ձեռքով։ Այսօր մենք մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր քաղաքում արժանապատիվ աշխատանքի, արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։ Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ մայիսմեկյան տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ ու ստեղծագործ աշխատանք՝ հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և մեր երկրի ու մեր քաղաքի զարգացման։
Ապրիլի 24-ին Հայոց Եղեռնի 103-րդ տարելիցի օրը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային ու քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ այցելեցին Հեր Հերի (Ջարդի) ձոր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Սամվել Բալասանյանն իր խոսքում անդրադառնալով Ցեղասպանությանն, իր խոսքում կարևորեց դրա ճանաչումը մեր հարևան պետության Թուրքիայի կողմից, որպեսզի հետագայում բացառվեն ցեղասպանությունները:
Սիրելի հայրենակիցներ,
Համայն հայությունն այսօր ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Մեկ դարից ավելի է անցել այն օրից, երբ Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրվեց և իրագործվեց սարսափելի ոճրագործություն, որին զոհ դարձավ 1.5 մլն հայ: Հայոց ցեղասպանությունը ոճիր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համայն մարդկության դեմ, իսկ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար: 1915 թվականին Օսմանյան կայսրությանը չհաջողվեց ոչնչացնել հայությանը, այսօր առավել ևս չի հաջողվի լռեցնել ճշմարտության ձայնը, ջնջել հայի ինքնությունն ու հիշողությունը: Հանուն արդարության կայացման և մարդկության դեմ նման վայրագությունների բացառման համար, հայի կողքին պայքարել ու շարունակում են իրենց պայքարը բազում պետություններ: Վստահ եմ՝ վաղ թե ուշ Թուրքիան առերեսվելու է իր պատմության արյունալից էջերին, համապատասխան գնահատականի արժանանալով իր հրեշավոր հանցանքի համար: Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ իմ խորին հարգանքն եմ բերում հայ ժողովրդի անմեղ զոհերին, հայ ազգին մաղթելով խաղաղություն, միասնականություն և անկոտրում կամք:
էջ 50 - 134