Գլխավոր էջ Տեղեկատվական կենտրոն Նորություններ Սամվել Բալասանյանն ընդունեց ֆրանսիական «Gref» կազմակերպության անդամ Միշելին Դը Բյուին
Ուրբաթ, 01 Նոյեմբեր 2013 00:00

  Այսօր` նոյեմբերի 1-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ֆրանսիական «Gref» («Թոշակառու ուսուցիչներ առանց սահմանի») կազմակերպության անդամ Միշելին Դը Բյուին: Վերջինս հակիրճ ներկայացրեց կազմակերպության և Հայաստան ժամանած ուսուցիչների առաքելությունը:

  Կազմակերպությունը Հայասատանում գործունեություն է ծավալում շուրջ 7 տարի: Առաջին ծրագրերն սկսել են Շիրակի մարզից: Տարին 2 անգամ Հայաստան են ժամանում ֆրանսիացի ուսուցիչներ և կամավոր հիմունքներով աշխատում դպրոցներում: Այս անգամ Հայաստան է ժամանել 24 ուսուցիչ, որոնցից երեքն աշխատելու են Շիրակի մարզում: Քանի որ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ են գտնվում նախակրթարանները, Միշելի Դը Բյուն ցանկություն հայտնեց ներկայացնել ծրագիր` կապված նախակրթարանների հետ: Քաղաքապետն իր հերթին շեշտեց ֆրանսիացի բարեկամների հետ սերտ հարաբերությունների կարևորությունն ու հետաքրքիր ծրագրերին աջակցելու շահագրգռվածությունը` միաժամանակ առաջարկելով ծրագրի մշակումն իրականացնել քաղաքապետարանի համապատասխան բաժինների հետ համատեղ: Ֆրանսիացի հյուրն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու նաև Գյումրիում տուրիզմի զարգացմանն ուղղված կրթական, վերապատրաստման և խորհրդատվական աշխատանքներում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են Ֆրանսիայում: Հաջորդ տարի հունվարին Ֆրանսիայում կազմակերպվելու է լուսանկարչական ցուցահանդես Գյումրիի մասին, որի հեղինակն է Միշելին Դը Բյուն, ինպես նաև հրատարակվելու է վեպ, որի գլխավոր հերոսուհին մեկնում է աշխատելու Գյումրի: